Հրաչյա Աճառյանը ազգանունների մասին ընդհանրապես, իր ազգանվան մասին՝ մասնավորապես

hrachia-acharianԱզգանունը այն է, որ դրվում է մի գերդաստանի ամբողջ սերնդի  կամ սերունդների վրա և կարող է դարեդար շարունակվել: Կան ազգեր, որոնք հայրանվան վրա կանգնում են և ազգանվան չեն անցնում, այսպես էին թուրքերը և պարսիկները և միայն վերջին քսանամյակում անցան ազգանվան: Արաբները ունեին մի տարօրինակ սովորություն, որ միայն նրանց էր հատուկ՝ ենթադրենք մի Հասան է լինում Հյուսեինի որդի, ուստի լինում է Հասան-իբնի-Հյուսեին, եթե Բաղդադից է լինում՝ Հասան-իբնի-Հյուսեին-էլ Բաղդադի, ասենք մականունը ֆաթթահ է, ավելացվում է և դա, ունի որդիներ, ասենք՝ Ալի, Մուսթաֆա, Սուլեյման, դառնում է ՝ Հասան-իբնի-Հյուսեին-էլ Բաղդադի-ապու-Ալի-ապու-Մուսթաֆա-ապու-Սուլեյման-ֆաթթահ և այլն: Նրանց մոտ անունները կարծես ընդգրկում են ողջ ցեղաբանությունը:

Արաբական սովորությունը քիչ-քիչ կամ մասամբ տարածվեց հպատակ կամ կրոնակից ցեղերի վրա, օրինակ` Մադագասկարի թագավորներից մեկը կոչվում է Անդրիանամպոյինիմերինա: Իսպանացիք էլ սիրում են կազմել երկար անուններ: Մի առակ կա. Հարավային Ամերիկայում մի իսպանացի գիշերը անտառում կորցրել է ճանապարհը: Ստիպված թակում է մի անգլիացու դուռը և խնդրում է, որ իրեն թույլ տա գիշերել: Անգլիացին մութ տեղը պատուհանը բաց արած հարցնում է՝ ո՞վ է: Իսպանացին պատասխանում է. –Ֆերնանդո-Դելլոս-Վեստոս-Սերվանդես-Դելլոս-Մինկոս-Սանթա-Կուզենո-Դելլոս-Անտիղոնոս:
-Մեր տունը փոքր է, այդքան մարդու տեղ չկա,-ասում է անգլիացին և պատուհանը փակում:

Ուրիշ ազգեր ճանաչում են անուն, հայրանուն և ազգանուն. Օրինակ` չինացիք, որոնց բառերը շատ կարճ են, հետևում են այս սովորությանը: Հիշենք չինական անուններից`Կոն Ֆու-ցի, Լի Հունգ-չանգ, Սուն Յան-ցեն, Շի Հոանկ-թի, Շուն Յու-յուե և այլն: Սրանց մեջ առաջին վանկը ազգանունն է, երկրորդը` հայրանունը և երրորդը`անունը: Ռուսաց մեջ էլ, ինչպես հայտնի է, գործածական է անունով և հայրանունով ազգանուն. Օրինակ` Իվան Ֆեոդորովիչ Պալիև և այլն:
Եվրոպացիք լայնորեն օգտագործում են ազգանունը: Անունը ֆրանսիացոց մեջ այնքան անարժեք բան է, որ անուն ասելով հասկանում են ազգանուն, իսկ անվան համար գործ են ածում փոքր անուն: Մի անձ կարող է ունենալ 3-4 անուն, բայց մի ազգանուն:
Այս ընդհանուր ծանոթություններից հետո մասնավորենք մեր խոսքը հայոց ազգանունների վրա:
Հին հայոց մեջ հասարակ ժողովուրդը երևի գործածում էր անուն-հայրանուն. Իսկ ազնվականները կրում էին ազգանուն: Ազգանունները հնագույն շրջանում ձևանում էին ունի մասնիկով, որ ավելի ուշ դարձավ եան (յան). 6-րդ դարում հայերը պարսիկներից վերցնում են հոգնակի ան, եան, յան մասնիկը և դարձնում են նրանց նման ազգանուն: Սա պարսկական ազդեցության շրջանն է: Արաբների ժամանակ ազգանունները վերանում են, ըստ որում իշխանական ցեղերը ջնջվում են: Ավելի ուշ՝ թյուրքերի ժամանակ, նույնիսկ ազգանուն չկա: Տաճկաստանում, իմ մանկության ժամանակ, հայրանունն էր գործածվում ազգանվան ձևով. օրինակ՝ ես դպրոցում արձանագրված էի Հրաչյա Հակոբյան (հորս անունով) և խոսակցության մեջ հաճախ կրճատ ձևով ասում էին Հրաչյա Հակոբ: 1888 թվին դպրոց մտավ ազգանվան դրությունը; Հոգաբարձությունը պատվիրեց բոլորիս, որ տուն գնանք և մեր ծնողներից հարցնելով ու իմանալով՝ ազգանուն բերենք: Ընդհանրապես աշակերտները իրենց պապի անունը դարձրին ազգանուն, ուրիշները մի ինչ-որ մականուն և այլն: Հետաքրքիր է իմ ազգանվան պատմությունը: Ես տուն գնացի ու հարցրի, թե մեր ազգանունը ինչ է: Հայրս առաջարկեց վերցնել իր հոր անունը՝ Հարություն և կոչվել Հարությունյան: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, բայց արդեն ունեի ինչ-որ լեզվական ճաշակ: Իմ ճաշակով անունից կազմված ազգանունը հաճելի չէր, ուստի մերժեցի Հարությունյանը և ուրիշ բան ուզեցի: Հորաքույրս ասաց, որ իրենց ցեղը Ռոտոսթոյում կոչվել է Հյուպրյուք օղլու, ուստի առաջարկեց գրել Հյուպրուքյան: Ես այն ժամանակ Հյուպրուք բառի ծագումը չգիտեի, չգիտեի, թե դա էլ անուն է Հյուպերիք, որ շատ քիչ է գործածվում: Երևանում մի քանի տարի առաջ եղել է Հյուպերիք անունով մեկը: Ես չհավանեցի նաև Հյուպերիքյան ազգանունը և մերժեցի: (Կոստանդնուպոլսում     մականունը հաճախ շփոթում են ազգանվան հետ և փոխանակ ասելու ազգանուն, ասում են մականուն, թյուրքերեն՝  լաղաբ, այսինքն՝ փուտանուն): Ես հորս հարցրի, թե քեզ ինչ ծաղրական անուն են տալիս, նա ասաց.«Ինձ ասում են Կռճին Ակոբ»: Ես հավանեցի այս անունը և վերցրի Կռճինյան ազգանունը, որի իմաստը անծանոթ էր: Ներկայացա հոգաբարձությանը և ասացի, թե իմ ազգանունն է Կռճինյան: Հոգաբարձուներից մեկն ասաց, թե  Կռճին բառ չկա, պետք է լինի Կռճիկ և ազգանունս շինեցին Կռճիկյան: Ընկերներս շարունակ ծաղրում էին ինձ կոչելով կռճիկ, մռճիկ, տռճիկ, խռճիկ, բռճիկ: Տարին լրացավ, տարրական դպրոցը ավարտեցի և մտա միջնակարգ: Ես կռճիկից ձանձրացած, որոշեցի փոխել ազգանունս: Կռճիկ բառի գրաբարն է աճառ, որն ինձ շատ բարեհնչյուն թվաց և ազգանունս դարձրի նոր դպրոցում՝ Աճառյան, որն ընդունեց նաև հայրս:

Սրանից 42 տարի առաջ, Էջմիածնի ճեմարանում, երբ ես այս դեպքը պատմեցի, Մանուկ Աբեղյանը ծիծաղելով ասաց.«Մի տաճկահայ չտեսանք, որ շինծու ազգանուն չունենար»: Ճիշտ է, բայց  Աբեղյանի ազգանունն էլ շինծու է: Նա նախապես կոչվել է Աղբեղյան, այսինքն թյուրքերեն բառով «սպիտակ բեղավորյան»: Աբեղյանը անդուրեկան է գտել իրավամբ Աղբեղյանը, միջից ղ-ն հանել է և դարձրել է Աբեղյան, որ հին հայոց նախարարական տոհմերից մեկի անունն է:

Աճառյան «Անձնանունների բառարան»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s