Օրագիր

img_022930/08/2016թ.

Օգոստոսի 30-ն է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարվա մեկնարկը… Գուցե շատերը, ովքեր ծանոթ չեն կրթահամալիրին, հարցնեն՝ իսկ ինչու 30-ին, կամ գուցե կռահեն… Ախր հազար ու մի անելիք կա, նախ նորեկները ծանոթանում են դպրոցին, ապա նոր ուսուցիչներն են ծանոթանում երեխաներին, խոսում տարվա անելիքներից, ուսումնական նախագծերից…
Երկու տարվա ընդմիջումից հետո հուզվում եմ սպասվող հանդիպումից, ու ընդհանրապես միշտ էլ այդպես է, երբ նոր ուսումնական տարի է սկսվում… Ահա հանդիպում եմ նրանց, սկզբում,  այսպես ասած,  իրար տնտղում ենք…

Նայում եմ նրանց աչքերին՝ մեծ, զարմացած ու շփոթված, խոսում ենք, փոքրիկ անակնկալ եմ նրանց համար պատրաստել՝ խաղ-ծանոթացում՝ M&M’s, ու միանգամից բացվում են: Աչուկները դառնում են համարձակ, մտերիմ ու հասկանում եմ, որ արդեն սիրում եմ այդ փոքրիկ հրաշքներին…

Իսկ երբ ասում եմ, որ կարող են մի փոքր հանգստանալ,  ես էլ հետևում եմ նրանց, հասկանում եմ, որ նրանց արածը, ճիշտ է, ինձ համար նախօրոք պատրաստված անակնկալ չէ, բայց անակնկալ է՝ իսկական ու հավես… Մերին՝ երկար թարթիչերով մի սիրուն աղջիկ, հարցնում է ազգանուս, պարզվում է՝ որոշել է ինձ նամակ գրել, աչքի ծայրով նայում եմ գրածին՝ Սիրելի Մարինե Ամիրջանյան… կրկին հուզվում եմ…

Տղաներից՝ Արեգն ու Ալենը, գրապահարանն են քրքրում, գիրք են ուզում կարդալ… ուրախանում եմ…

Մինասը հպարտորեն ցույց է տալիս հայրիկի պատրաստած գրչատուփը..

Նորեկ Արեգն էլ կամաց-կամաց դառնում է մերը…

Յանան  որոշում է հեքիաթ գրել, առաջարկեցի, որ հեքիաթի հերոսները մենք լինենք, հետաքրքիր է, թե ինչ ստացվեց… երանի ավարտի…

Ու սա` երբ առաջարկել եմ մի փոքր հանգստանալ, սրանից էլ լավ հանգիստ, կեցցեք երեխաներ…

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

02/09/2016թ.

Շնչահեղձության հասցնող խնդիր

Սեպտեմբերի երկուսն է, այսինքն երկու օր է՝ ինչ մտնում եմ դասարան, քիչ –քիչ ծանոթանում երեխաներին, նրանց ընդհանուր կարողություններին… Դասարանում կա աուտիզմով հիվանդ մի երեխա, չնայած վիքիփեդիայում ասվում է որ աուտիզմը հիվանդություն չէ… Աղջնակը՝ սիրուն Մարգարիտան, տատիկի հետ է լինում… Սեպտեմբերի մեկին ուղղակի չգիտեի ինչ անել, Մարգարիտան ճչում էր, իսկ տատիկը շատ բռնի ձևով նրան հանգստացնում… Կսմթում էր, բերանն ուժով փակում, աղջիկն էլ ի պատասխան նույնն էր անում… Տատիկին խնդրեցի աղջկան հանգիստ թողնել, գուցե իսկապես հանգստանա.. Լսեցի շատ չոր պատասխան՝ չէ, նա այդպես է անում միշտ… Դասը վերջացավ, փորձեցի նորից խոսել տատիկի հետ, ում պարանոցը արդեն լրիվ այտուցված էր թոռնիկի կողմից, բայց տատիկը պնդեց, որ այլ տարբերակ չկա… Ես կարկամել էի ողջ օրը… Հաջորդ օրը սեպտեմբերի երկուսին Մարգարիտան ավելի հանգիստ էր, իսկ երբ խնդրեցի, որ երեխաները կարդան Թումանյանի հեքիաթը, տեսնեմ տատիկը Մարգարիտայի թևերը ուժեղ բռնեց, ճակատը պահեց, ու ստիպում է կարդալ,  Մարգարիտան անհանգիստ շարժումներ էր անում, փորձում ազատվել տատիկի ամուր գրկից,մոտեցա, ասում եմ.
-Արի, միասին կարդանք:
Բայց տատիկն անդրդվելի էր.
-Այլ կերպ չի կարդում…
Ոչ մի ձև չկարողացա համոզել, որովհետև երեխան ինձ սովոր չէր, իսկ տատիկն էլ այդպես էր սովորեցրել… Բայց մի՞ թե այսպես ճիշտ էր, նամանավանդ որ նրանց էր նայում մի ողջ դասարան, երեխաների հայացքից հասկացա, որ նրանք սովորել էին նման տեսարանների, որ կարող էին իրենց կողքին նման ձևով վարվել… Չգիտեի՝ ինչ մտածեմ, խոսեցի դասվարի հետ, պարզվում է տատիկը միշտ նույն ձևով է իրեն դրսևորում, ապա խոսեցի դպրոցի հոգեբանի հետ, էլի նույնը, առավել ևս, որ առանց տատիկի հնարավոր չէ Մարգարիտային դասարանում պահել… Բայց եթե ճիշտ չի մոտեցումը, ինչպես մենք կարող ենք օգնել, առավել ևս ներառել, ներառման մասին խոսք լինել չէր կարող … Մտածում եմ ելքի մասին…

11.09.2016թ.

Որքան էլ ցանկանում եմ ավելի հաճախ լրացնել օրագիրս, այնուամենայնիվ ժամանակն իրենն է անում, չեմ հասցնում: Դասեր, դասապատրաստում, նախագծեր, ընտանիք, որոշել եմ, գոնե ամեն շաբաթվա վերջում անդրադառնալ շաբաթվա գլխավոր հարցերին, դժվարություններին ու հաջողություններին: Գլխավոր հաջողություններիցս մեկը երեխեքի անուները հիշելն էր, համարյա բոլորինը հիշում եմ 🙂

Գլխավոր խնդիրս կայանում է նրանում, որ կարողանամ բոլորին ներգրավել աշխատանքի, ուսումնական գործունեության մեջ: Իսկ դրա համար նախ հարկավոր է նրանց ավելի կազմակերպված դարձնել (բավականին անկազմակերպ են), հանձնարարությունից հետո ստիպված եմ լինում առանձին-առանձին նորից բացատրել, ապա ևս մեկ անգամ բոլորին բացատրել, և երբ այդ ամենից հետո թվում է, թե բոլորն արդեն հասկացել են, մեկ էլ պարզվում է՝ էլի կան սովորողներ, որ կա՛մ չեն հասցրել գրել, կա՛մ համակարգիչը չի աշխատում, կա՛մ ընդհանրապես երազների մեջ են… Կարևորը գտել եմ ձևը, թե ինչպես չաշխատող, անհավես երեխաներին մոտիվացնեմ, ոգեշնչեմ. երեխաները սիրում են, երբ իրենց գովում եմ, մի քանի գովասանքից ու վստահությունս նրանց ուժերի հանդեպ հայտնելուց հետո տեսնում եմ, որ ամենաքմահաճն անգամ սկսում է աշխատել:

Այս տարվա դասարանները շատ են տարբերվում իմ նախորդ չորսերից: Հա, 4-2 դասարանում շատ են խնդրով երեխաները, իհարկե փորձում եմ հասցնել բոլորի հետ աշխատել, բայց դա բավականին ժամանակատար է, ինչը և ազդում է համընդհանուր արդյունավետության վրա, առանց այն էլ շատ անելիքներ կան, հուսամ, որ դեռ տարեսկիզբ է, ինչ-որ բան կհասցնեմ փոխել…

Մյուս դասարանը (4-3 դասարանը) գիտափորձով դասարան է, ընդհանրապես ես իմ կարծիքն ունեմ նման դասարանների հետ կապված, ըստ իս գիտափորձով դասարաններում պետք է սովորեն հատուկ չափորոշիչներով ընտրված երեխաներ, որպեսզի դասարանում սովորողները հասցնելու խնդիր չունենան… Հավանաբար մոտ օրերս գիտափորձով դասարանների մասին կարծիքս ավելի մանրամասն ու հիմնավորված կներկայացնեմ:

Ափոփելով այսօրվա գիրս, կասեմ, որ ուղղակի փորձում եմ այնպես անել, որ երեխաները նախ ընդունեն ինձ, ցանկանան, որ միասին աշխատենք, միասին աշխատելը հաճելի լինի թե՛ ինձ, թե՛ իրենց…

25.09.16

Գրեթե երեք շաբաթ է, ինչ աշխատում եմ Նոր դպրոցի չորրորդցիների հետ: Գիտեմ բոլորին անուն առ անուն, նրանց նախասիրությունները: Երեխաներն արդեն սովորել են ինձ: Ինչպես լինում է բոլոր դասարաններում՝ կան ամեն տեսակի երեխաներ՝ ակտիվ ու պասիվ, աշխատասեր ու ծույլ, ոգևորվող ու քմահաճ, բայց այսօր ուզում եմ խոսել մի հատկանիշի մասին, որ ինձ անհանգստացնում է և՛ որպես մանկավարժ, և՛ որպես քաղաքացի: Երեխաների ինքնուրույն աշխատելու մասին է խոսքը: Իհարկե, միշտ էլ մանկավարժի ու ծնողի դերերից մեկն է, որ օգնենք, ուղղորդենք երեխաներին: Բայց այսօր, համենայն դեպս, այն դասարաններում, որտեղ ես եմ դասավանդում տեսնում եմ, թե որքան է խախտված երեխայի ինքնուրույնության իրավունքը: Սովորողների աշխատանքներին անդրադառնալով տեսնում եմ, որ երեխան դասարանում լրիվ այլ պատկեր է ներկայացնում, իսկ այն աշխատանքները, որոնք տանից է ուղարկում` լրիվ այլ են: Տարբերությունը ոչ թե չնչին է, այլ սարեր ու ձորեր: Այս է պատճառը իմ անհանգստության: Չեմ ուզում փնտրել մեղավորներ ու թերացումներ, բայց ուզում եմ աշխատանքս տանել այնպիսի ուղղությամբ, որ երեխաները սկսեն ինքնուրույն աշխատել, ինքնուրույնանան: Աշխատանքը թող լինի սխալներով, լինի մեկ նախադասությամբ, բայց լինի իրենը: Կարծում եմ՝ աստիճանաբար երեխան կաճի, օրեցօր կտեսնենք նրա արդյունքը, եթե իհարկե նա ինքնուրույն աշխատի: Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ: Առայժմ երեխաներին արգելել եմ դասարանում սկսած աշխատանքն ավարտել տանը; Աշխատում ենք միայն դասարանում, ավելի լավ է դանդաղ շարժվենք առաջ, քան տեղում դոփենք, ինչը լինում է, երբ ինքնուրույն չենք աշխատում:

 

Այս նյութը հրատարակվել է Ուսուցչի օրագիր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s