Սպասում

Komitas_1902 (1)Ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
4. 10-15 նախադասությամբ պատմի՛ր ստեղծագործությունը:
5.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
7. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
10. Գտի՛ր, կարդա՛ և սովորի՛ր Կոմիտասի մասին:
11.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:
12.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, սովորի՛ր լավ, արտահայտիչ կարդալ, չմոռանաս նաև անծանոթ բառերի բացատրությունը նայել:

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Սպասում

  1. Մերի Կարապետյանասում է՝

    Ես կարդացի այս տեքստը և իմացա Կոմիտասի մասին: Նա եղել է շատ բարի, բարեգութ, հոգատար, մարդկանց սիրող, նա օգնում է բոլոր մարդկանց, որովհետև նա հենց գտավ դրամապանակը, նա չվերցրեց, այլ սպասեց մինչև դրամապանակի տերը գա: Տեսնելով հնամաշ դրամապանակի միջի 10 ֆրանկը, հասկացավ, որ տերը պիտի աղքատ լիներ: Հիշելով բեռլինյան ցուրտ ձմեռը, իր աղքատ վիճակը և շահած 100 ֆրանկը, նա ուզեց օգնել տիրոջը ինչ-որ բանով: Արագ-արագ դրամապանակի մեջ դրեց 100 ֆրանկ, որն էլ ապացուցում է, որ Կոմիտասը խղճով մարդ էր: Եվ հետո դրամապանակի տերը եկավ, և նա հանձնեց նրան:

  2. Jora Stepanyanասում է՝

    Կոմիտասը այս երգում կաքավի գովքն է անում: Թե ինչպես է նա արևը բացվելուն, պես դուրս թռչում կանաչ սարերի հետևից և ողջունում ծաղիկներին: Նկարագրում է, թե ինչպես է կաքավը իր երգերով ծառ ու ծաղկին կյանք տալիս: Այս երգը լսելիս աչքիս առաջ է գալիս այդ տեսարանը, երբ կաքավը ծառից ծառ թռչելով անուշ ձայնով երգում է: Իսկ երբ ես երգում եմ այս երգը՝ պատկերացնում եմ ինձ հայրենի բնության գրկում:

  3. Ծանուցում՝ Ծրագիր 4-5 դասարան | Մարգարիտ Հարությունյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s