Ջանի Ռոդարի Թարգմանություններ «Ինչպիսի սխալներ են լինում» գրքից

Ռոդարի

Երկիր առանց սխալների

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

Թարգմանեց Մկրտչյան Լիլիթը
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:
  2. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:
  3. Ի՞նչ է սխալը:

Հին ասացվածքներ

Մի քաղաքում, որի բարքերի և սովորույթների մասին ես մի ուրիշ անգամ կպատմեմ, կա մի անհեթեթ, ուղղակի հնաոճ մի շենք:  Դա Հին Ասացվածքների ապաստանն է: Այստեղ հանգստանում են ծերացած Հին Ասացվածքները, որոնք մի ժամանակ եղել են երիտասարդ և էներգիայով լի, ու հիմա քչերին են հետաքրքրում: Ես կարծես թե ասացի ՝ հանգստանո՞ւմ են: Ո՛չ, ճիշտ կլինի ասել՝ խոսում են և անվերջ վիճում:
-էշ ծնվել ես, էշ էլ կմահանաս, – օրինակ հայտարարեց մի Հին Ասացվածք:
— Ոչ, – հակաճառում են նրան զրուցակիցները: – Իսկ եթե սովորե՞լ: Ջանասիրաբար և ամբողջ ուժերով և ընդհանրապես, եթե շատ ցանկանաս, կարելի է ամեն ինչի հասնել:
-Երջանիկ է նա, ով քչով է բավարարվում, – հայտարարում է մի ուրիշ Հին Ասացվածք:
— Ճիշտ չէ,-միանգամից խառնվում է մի ուրիշ Հին Ասացվածք,-եթե մարդիկ բավարարվեին նրանով ինչ ունեին, նրանք մինչև հիմա կապրեին կապիկների պես ծառերի վրա:
-Նա, ով ամեն ինչ անում է ինքնուրույն, աշխատում է երեք հոգու փոխարեն,- լսվում է ևս մեկի ձայնը:
Եվ հենց այդ պահին ինչ-որ մեկը հակաճառում է.
-Ո՛չ, ով աշխատում է ինքնուրույն, նա աշխատում է միայն մի հոգու փոխարեն: Բայց ուժը միասնության մեջ է:
Հին ասացվածքները մի պահ լռում են, հետո Ամենահին Ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
-Ով ուզում է խաղաղություն, նա պատրաստ է պատերազմի:
Այդ ժամանակ երիտասարդ Հին Ասացվածքը տալիս է նրան կատվախոտի կաթիլներ և համբերատար բացատրում, որ նա, ով ուզում է խաղաղություն, պետք է ստեղծի խաղաղություն, այլ ոչ թե պայթուցիկներ:
Եվս մի Հին Ասացվածք հայտարարում է.
-Ամեն մեկն իր տան մեջ ինքն է իր թագավորը:
-Բայց այդ դեպքում,- հակաճառում են նրան միանգամից բոլոր Հին Ասացվածքները, — ինչու են բոլորը պարտավոր հարկեր վճարել՝ լույսի, գազի…, այ քեզ թագավոր:
Ինչպես տեսնում եք, Հին Ասացվածքները վիճելով միմյանց հետ, մեկ-մեկ խելացի բաներ էլ են ասում, հատկապես երբ քննադատում են միմյանց: Եվ կարևորը՝ հակաճառել և անմիջապես  ասել  բոլորովին հակառակը, ինչ ասված էր:
-Ամենաքաղցրը վերջում,- օրինակ ասում է ասացվածքներից մեկը:
Բայց մյուսը միանգամից հակաճառում է.
-Ոչ, ամենադժվարը՝ վերջում:
Եվ ես խղճում եմ նրանց: Նրանք չեն նկատում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքների հետ հեռու չես գնա, որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդ, համարձակ մարդիկ, լավ, հմուտ ձեռքերով և խելացի ու պարզ գլխով: Այնպիսին, ինչպիսին եք դուք:

Թարգմանեց Մկրտչյան Էլենը
Նոր դպրոց, 5-3 դասարան

  1. Շարունակիր հետևյալ ասացվածքները՝
    Ամռանը պառկես հովեր, ձմռանը….
    Աջով տուր, ձախով ….
    Շան հետ ընկերացիր, փայտը ….
    Թրի կտրածը կլավանա, լեզվի …..
  2. Ասա ասացվածքներ և ինքդ էլ հակաճառիր:

 

Ամսագրեր
Մի անգամ գնացքով գնում էի մի սինյորի հետ, որը նստեց Տերոնտոլում: Նա իր հետ ուներ վեց ամսագիր: Եվ նա սկսեց կարդալ դրանք: Նախ՝ կարդաց առաջին ամսագրի առաջին էջը, հետո՝ երկրորդ ամսագրի առաջին էջը, հետո՝ երրորդ ամսագրի առաջին էջը և այդպես շարունակ մինչև վեցերորդը:  Այնուհետև նա սկսեց կարդալ առաջին ամսագրի երկրորդ էջը, հետո երկրորդ ամսագրի երկրորդ էջը, հետո երրորդի երկրորդ էջը և այդպես շարունակ… Հետո կարդաց առաջին ամսագրի երրորդ էջը, անցավ երկրորդ ամսագրի երրորդ էջին…Նա կարդում էր ուշադիր, խորազնին և նույնիսկ դուրս էր գրում որոշ բաներ:
Հանկարծ մի սարսափելի միտք ծագեց գլխումս. «Եթե այդ ամսագրերի էջերի քանակը նույնն է, դա լավ է: Բայց ի՞նչ կլինի, եթե մի ամսագրում լինի 16 էջ, մյուսում՝ 24, իսկ երրորդում՝ ընդամենը 8: Ի՞նչ կանի այս անբախտ սինյորը այդ դեպքում»:
Բարեբախտաբար, նա իջավ Օրտում, և ես ներկա չեղա այդ ողբերգությանը:

Թարգմանեց Ավետիսյան Իրինան
Նոր դպրոց, 5-3 դասարան

  1. Ի՞նչ կմտածեիր, եթե գնացքում դու լինեիր:
  2. Երբևէ մտածե՞լ ես այնպիսի բաների մասին, որոնց մասին քո կարծիքով ուղղակի խենթություն է մտածել, գրիր քո տարօրինակ մտքերից:

Ո՞վ է հրամայում

Ես հարցրի մի աղջկա.

— Ո՞վ է հրամայում ձեր տանը:

Նա նայում է ինձ և լռում:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա էլի նայում է ինձ և լռում:

— Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է:
Նա էլի զարմացած նայում է ինձ և լռում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Չէ հա, նա գիտի:

— Ինչո՞ւմն է հարցը:

Նա նայում է ինձ և լռում: Զայրանա՞լ նրա վրա: Կարող է՝ խեղճը խուլ է: Եվ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո նա կանգնեց, ինձ լեզու ցույց տվեց և ծիծաղելով բացականչեց.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Թարգմանեց Սաֆարյան Վահանը
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

  1. Նկարիր քո ընտանիքի անդամներին, պատմիր նրանց մասին:
  2. Լեզու բառով գրիր դարձվածքներ:

Սխալ արձագանք
Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
-Լիճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:
— Կեսարը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Թարգմանեց Գևորգյան Նարեկը
Նոր դպրոց, 5-1 դասարան

1.Փորձիր այնպիսի հարցեր տալ արձագանքին, որ նրա պատասխանները ճիշտ լինեն:

  Ամենամեծ կեցցեսը աշխարհում
Ես գիտեմ պատմություն մի մարդու մասին, ով աշխարհում ամենամեծ կեցցեսն է,  բայց վստահ չեմ, թե նա ձեր դուրը կգա: Այսպիսով պատմե՞մ, թե՞ ոչ…Պատմեմ: Նրա անունն էր Պրիմու: Իտալերենում այն նշանակում է առաջին, երևի այդ պատճառով էլ նա մանկուց որոշել էր.
-Առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլ նաև գործով: Միշտ և ամեն ինչում կլինեմ առաջինը:
Իսկ ստացվեց հակառակը, նա միշտ և ամեն ինչում վերջինն էր: Վերջինն էր, ով վախենում էր, վերջինն էր, ով փախչում էր, վերջինն էր, ով խաբում էր և վերջինն էր, ով անկարգություն էր անում: Նրա հասակակիցները միշտ ինչ- որ բանում առաջինն էին լինում: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը՝ թաղամասի առաջին կռվարարը, երրորդը՝ տարածքում առաջին հիմարը…
Իսկ նա, ընդհակառակը՝ վերջին էր, ով հիմարություններ էր ասում, իսկ երբ նրա հերթն էր գալիս դրանք ասելու, նա ուղղակի լռում էր: Նա ամենամեծ կեցցեսն էր աշխարհում, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ  չիմացավ այդ մասին:

Թարգմանեց Ոսկանյան Ատոմը
Նոր դպրոց, 5-1 դասարան

  1. Պատահել է, որ քո կատարած որևէ արարքի համար որևէ մեկը քեզ ասել է կեցցես:
  2. Աշխարհում բազում գործեր կան, ո՞ր գործում կուզեիր առաջինը լինել:

 

Ի՞նչ եմ դառալու

Մի անգամ  ուսուցիչ Գրամատիկուսը իր հին պահարանում գտավ մի տուփ, որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն  տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում:

Շարադրության թեման էր. «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ »:  Այդպես էր վերնագրած յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկներ՝ Ալբերտի Մարիո, Բանետի  Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…

Ուսուցիչ  Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ  այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել այդ երեխաներին:

-Սա պետք է որ  լինի   Դզանետի Արտուրոն: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ոչ, ցավոք,  ես արդեն չեմ հիշում այս երեխաներին:

Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝   ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:

«Երբ ես մեծանամ, — գրում էր Ալբերտի Մարիոն, — դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք  թերթերի միջից: Նայելով դրանց՝ ես երազում եմ իմ ապագայի մասին…»:

— Ախ, Մարիո, երազել բառը գրվում է Ե տառով, ոչ  թե  ՅԵ:

-Հուսով եմ, — հոգոց հանեց  ուսուցիչը,- այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:

«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ  մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ դառնալ երաժիշտ: Ես ունեմ բարեկամ, ով նվագում է ջութակ և…»

Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:

-Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,-բացականչեց նա:

Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…

Առավոտյան ուսուցիչ Գրամատիկուսը նստեց գնացք և ուղևորվեց հենց այդ քաղաքը, որտեղ ուսանել էր երեխաներին: Ժամանելով այնտեղ՝ նա գնաց հասցեների տեղեկատվական կենտրոն,  գրպանից հանեց իր նախկին աշակերտների ցուցակը և սկսեց փնտրել հասցեները: Նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք իրականացել են նրանց երազանքները, դարձել են նրանք ինչ ցանկանում էին դառնալ, երբ փոքր էին:

Ես պետք է ձեզ իրականությունը պատմեմ, ինչքան էլ այն տխուր լինի: Ես պետք է ձեզ ասեմ, որ ուսուցիչը շատ տխրեց, երբ ավարտեց իր փնտրտուքները:

Օրինակ, նա իմացավ, որ իր նախկին  աշակերտներից երեքը զոհվել են պատերազմի ժամանակ, հայրենիքից հեռու: Նրանց երազանքները չէին կատարվել: Երիտասարդությունը ընդհատվել էր:

Նա իմացավ, որ Ալբերտի Մարիոն դարձել է ոչ թե օդաչու, այլ մատուցող: Դա էլ է մասնագիտություն, սակայն ոչ ոք երբևէ չի գրում շարադրություններում. «Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ մատուցող…»:  Ամեն դեպքում մատուցողները շատ շատ են:

Վաճառականի տղան նույնպես չէր դարձել երաժիշտ, այլ զբաղվում էր գազի բալոնների առքուվաճառքով:

Որոշ երազանքներ ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես օրինակ տարվա տարբեր եղանակներին կենդանիները փոխում են իրենց կաշին: Մյուսները փչացնում են կյանքը, ինչպես ուժեղ քամին է վնասում տերևներին՝ պոկելով դրանք ծառից:

Եվ վերջապես ուսուցիչը իմացավ, որ Կորսիկի Ռենցոն,  ով երազում էր դառնալ էլեկտրիկ, նույնպես դարձել է ուսուցիչ, և նա որոշեց փնտրել նրան:

-Ինչպե՞ս ես, սիրելի՛ Ռենցո: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ դու երազում էիր դառնալ էլեկտրիկ:

-Ե՞ս: Հնարավոր չէ…

-Այո, այո, տես, ահա քո շարադրությունը:

-Տարօրինակ է: Իսկապե՞ս  իմն է: Բայց ես ոչինչ չեմ հիշում դրա մասին:

-Պարզվում է՝ դու այն ժամանակ ճիշտը չես գրել:

-Ո՞վ գիտե, միգուցե…

Ուսուցիչ Գրամատիկուսը երկար մտածեց այդ մասին: Դեռ ավելին, նա առ այսօր  մտածում է…

Թարգմանեց Խաչատրյան Միքայելը
Նոր դպրոց, 5-3 դասարան

1.Ներկայացրու հերոսին (ուսուցչին) իբրև ընդհանրացում։
2. Ներկայացրու ուսուցչի տարիքը, դեմքը:

Աչքերի գանգատը

Մի անգամ ես հնարավորություն ունեցա լսելու, թե ինչպես են բողոքում աչքերը:

-Սակայն, —  ասում էր նա, —  ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը դարձել է շատ դժվար : Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց հանկարծ հայտնվեցին  Կոպերնիկը և Գալելեյը և ապացուցեցին, որ ես սխալվում էի՝ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ:  Բայց հայտնվեց այս հոլանդացի Լևենգուկը, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:  Նայում եմ գիշերը երկնքին, այ այնտեղ՝ վերև:  Այն սև է, ինչպիսի  կասկածներ կարող են լինել:  Չէ՞ որ ես ունեմ   հրաշալի տեսողություն: Բայց  ոնց որ ես  սխալվում եմ նաև այս հարցում : Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես նկատում եմ, որ այնտեղ կան միլիոնավոր աստղեր: Այնպես որ հիմա, անկասկած, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի լավ է՝ ես անցնեմ թոշակի:

Կեցցե՛ս: Սակայն  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

Թարգմանեց Պետրոսյան Դավիթը
Նոր դպրոց, 5-3 դասարան

1.  Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
2. Աչքի անունից շարունակիր մտորել:
3. Աչք բառով ի՞նչ դարձվածքներ գիտես:

Բարենորոգումներ

Ուսուցիչ Քերականը մի անգամ որոշեց քերականության բարենորոգումներ անցկացնել:
— Անհրաժեշտ է վերջ դնել, — ասաց նա, — բոլոր այս դժվարություններին: Օրինակ՝ ինչու պետք է տարբերակել ածականներն ըստ տարբեր կատեգորիաների: Թող կատեգորիաները լինեն միայն երկուսը՝ համակրելի ածականներ և ոչ համակրելի ածականներ:
Համակրելի ածականներ՝ լավ, ուրախ, մեծահոգի, անկեղծ, քաջարի: Ոչ համակրելի ածականներ՝ ժլատ,ստախոս, անազնիվ և այլն:Արդյոք լավ չէ՞:
Ծառայողուհին, որը լսում էր նրան, պատասխանեց.
-Շատ ավելի լավ է:
-Անցնենք բայերին,- շարունակեց ուսուցիչ Գրամատիկուսը: -Ես անձամբ կարծում եմ, որ նրանց պետք է բաժանել ոչ թե երեք խոնարհման, այլ երկու:Առաջինը՝  դրանք այն բայերն են, որոնք պետք է խոնարհել, իսկ երկրորդը այն բայերը, որոնք խոնարհել պետք չէ, օրինակ՝ ստել, սպանել, գողանալ: Ես ճի՞շտ եմ, թե՞ ոչ:
-Ոսկե խոսքեր,- շունչ քաշեց ծառայողուհին:
Եվ եթե բոլորը մտածեին այնպես, ինչպես այս բարի կինը, բարենորոգումները կարելի էր անցկացնել տաս րոպեում:

Թարգմանեց Սարգսյան Նարեկը
Նոր դպրոց, 5-1 դասարան

  1. Շարունակիր համակրելի և ոչ համակրելի ածականների շարքերը՝

Համակրելի ածականներ-

Ոչ համակրելի ածականներ-

2.Բացատրիր ոսկե խոսքեր արտահայտությունը:

Բացիկը

Կար-չկար մի անհասցե բացիկ: Նրա վրա գրված էր միայն.«Բարևներ և պաչիկներ»:  Ստորագրված էր՝ Նինուչչա:

Ոչ  ոք չգիտեր, թե ով է այդ Նինուչչան՝  օրիորդ, թե կին, պառաված շատախոս,  թե մի աղջիկ՝ ջինսե շոր հագած: Իսկ գուցե ինչ-որ թռչուն է:

Շատերը կուզենային այդ բարևներից կամ պաչիկներից ստանալ գոնե մեկը, նույնիսկ ամենափոքրը: Բայց կարելի է արդյոք վստահելայդ անհայտ Նինուչչիին:

Թարգմանեց Մկրտչյան Միլենան
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

1. Եղել են դեպքեր, երբ որևէ մեկին չես վստահել:
2. Ի՞նչ է վստահությունը:

Փոխվեցին գլուխներով

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, հարգանքով  չէին վերաբերվում քերականությանը  և  տանել չէին կարողանում քերականական վարժությունները:  Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչպիսի  վատ հետևանքների   կարող էր դա հանգեցնել…

Երեկ նրանց հանձնարարված էր  գոյականների մոտ դնել համապատասխան բայեր:

Եվ ահա նրանք գրել են.

-Կատուն ոռնում է, այծերը հաչում են,գայլը  գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:

Եվ հանկարծ պատուհանի մոտ հայտնվեց առյուծը և  թռավ ուղիղ  սենյակ :Նա բարկացած էր.
-Այդպե՞ս: Ուրեմն, ես բառաչո՞ւմ  եմ Բեե-ե-ե,բե-ե… հիմա ես ձեզ ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Բայց և այնպես այդ երկու սարսափելի երկվորյակների  գլուխները վնասված չէին :Եվ երբ առյուծը գլուխները հետ դրեց, Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը Մարկոյի գլխի տեղը:

Երբ նրանց մայրիկը վերադարձավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները դնի իրենց տեղը: Իսկ սոսինձը հիմա այնպես թանկ է:

Թարգմանեց Բարսեղյան Հայկուհին
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

1. Հորինիր մի նոր աշխարհ. որտեղ ամեն ոք և ամեն ինչ քո ուզած ձևով է, նկարագրիր այդ աշխարհը:

Ձկները

— Զգույշ, —  ասաց մեծ ձուկը փոքր ձկանը: — Սա կարթ է, ձեռք մի տուր, մի՛ բռնիր:
— Ինչու՞,- հարցրեց փոքր ձուկը:
-Երկու պատճառով, — ասաց մեծ ձուկը: — Սկսենք նրանից, որ եթե դու բռնես այն, քեզ կբռնեն, կթաթախեն ալյուրի մեջ և կտապակեն թավայի մեջ: Իսկ հետո  քեզ  կուտեն աղցանի հետ:
-Օ՜,  շնորհակալություն զգուշացնելու համար, դու փրկեցիր իմ կյանքը:Իսկ ո՞րն է երկրորդ պատճառը:
-Իսկ երկրորդ պատճառն այն է , որ ես ինքս եմ ուզում ուտել քեզ:

Թարգմանեց Ալեքսանյան Տաթևիկը
Նոր դպրոց, 5-1 դասարան

1. Արդարացրու մեծ ձկանը:
2. Մեղադրիր նրան:

         Հասած երկինքը

Երեխանե՛ր, ձեզ մի խորհուրդ կտամ, սիրե՛ք որակական ածականները:
Մի պահեք ձեզ այնպես, ինչպես Մարկոն և Միրկոն, այդ ահավոր երկվորյակները, ովքեր ծաղրել էին նրանց: Օրինակ` երեկ նրանք պետք է մի քանի գոյականներին համապատասխան որակական ածականներ ընտրեին: Այդ ավազակները, քրքջալով և թանաքը ցփնելով, գրել էին՝  Երկնագույն ցորեն, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար շաքար, հասած երկինք:
Եվ հանկարծ լսվեց ահավոր մի որոտ: Գըմփ-գըմփ…
Ի՜նչ պատահեց, անսովոր ոչինչ, պարզապես երկինքը, լսելով, որ ինքը հասած է, որոշեց ցած ընկնել, ինչպես հասած սալորը և տանձը: Եվ ընկավ, տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Ա~խ, ինչքան աշխատեցին հրշեջները, որպեսզի ավերակների տակից հանեին այդ ահավոր երկվորյակներին, հետո կարեին, որովհետև նրանք կտորների էին բաժանվել:Եվ երկինքը տեղը դնեին այնպես բարձր, որ ծիծեռնակներն ու ինքնաթիռները կարողանային այնտեղ թռչել:

Թարգմանեց Կարապետյան Մերին
Նոր դպրոց, 5-3 դասարան

1. Փորձիր գրել, թե ինչպիսին կարող են լինել՝ ցորենը, ձյունը, խոտը, գայլը, շաքարը, երկինքը, իսկ հետո էլ դրանցով մի զարմանալի պատմություն հորինիր:

Սատանան

Մարկոն և Միրկոն որևիցե հարգանք  չեն տածում բայերի նկատմամբ, անգամ ամենածերերի  ու ալեհերների, ովքեր քայլում են փայտիկի օգնությամբ: Այդ սարսափելի ավազակները երեկ(որպես տնային առաջադրանք) պետք է հոլովեին որոշ բայեր, դրանցով կազմեին նախադասություններ կամ մանկական ոտանավորներ:
Ահա հատված նրանց վարժությունից.

Ես ուտում եմ պաղպաղակ,
Դու լպստում ես կրեմ,
Իսկ ո՞վ կվճարի հաշիվը
Ով հիմար է բոլորից, իհարկե,
Ով վճարում է անընդհատ
Այդ պարզ է նույնիսկ սատանային:

Չարաճճիանալով՝ նրանք շարունակեցին.
Ես գնում եմ Միլան,
Դու գնում ես Միլան,
Նա գնում է Միլան,
Մենք գնում ենք Միլան …
Իսկ այդ անտաշը
Թող գնա սատանաների մոտ:

Այդ խոսքերն ընկան մի սատանայի ականջ, և նա չթողեց իրեն երկար սպասել: Երկվորյակների սենյակում թնդաց ամպրոպը, ուժեղ  ծծմբի հոտ եկավ, և ահա սատանան հանգիստ նստած էր  բազկաթոռին.
-Ո՞վ պետք է գնա սատանայի մոտ,- խիստ հարցրեց նա` խաղալով իր պոչի հետ:
Մարկոն վախից քիչ էր մնում ուշաթափվեր, իսկ Միրկոն, որը պատրաստ էր միշտ ստել, վազեց դեպի պատուհանը և ձեռքով ցույց տվեց դեպի հրապարակը.
-Նա այնտեղ է, ձերդ ողորմածություն, նա այնտեղ վազեց:
Բարեբախտաբար, սատանան պատուհանից դուրս թռավ և շտապեց դեպի հրապարակ և որոշեց՝ ինչ էլ որ լինի տանել դեղագործ Պանելիին, որը կանգնած  իր դեղատան դռների մոտ ու վայելում էր երեկոյան օդը: Սինյորա Պանելիին հաջողվեց փրկել իր ամուսնուն: Նա ցույց տվեց սատանային երաշխավորագիր, որը ստորագրված էր շատ կարևոր մարդու կողմից:

Թարգմանեց Սարխոշյան Ստելլան
Նոր դպրոց, 5-3 դասարան

1. Մարկոյի ու Միրկոյի անունից պատմիր այս պատմությունը:
2. Քո կարծիքով ի՞նչ էր գրված երաշխավորագրի մեջ. ի՞նչ է երաշխավորագիրը:

Մեծ հայտնագործողը

Կար մի երիտասարդ տղա, ով երազում էր դառնալ մեծ հայտնագործող: Նա սովորեց օր ու գիշեր, սովորեց երկա՜ր տարիներ, և վերջապես ասաց.
-Ես երկար սովորեցի, ահա դարձել եմ գիտնական, և հիմա ցույց կտամ բոլորին, թե  ինչի եմ  ես ընդունակ:
Նա անմիջապես սկսեց փորձարկել, և նա կարողացավ պանրի մեջ հայտնագործել փոսեր:
Բայց հետո նա իմացավ, որ դա վաղու՜ց արդեն հայտնագործել են:
Իսկ հետո նա սկսեց էլի սովորել:
Սովորեց առավոտից երեկո, երեկոյից առավոտ և ահա վերջացրեց ու ասաց.
-Ժամանակն է վերջացնել: Ես արդեն գիտնական եմ… Հարկավոր է տեսնել, թե ինչի եմ ընդունակ:
Եվ բոլորը տեսան. նա անձրևանոցի վրա հայտնաբերեց ծակեր:
Եվ բոլորը ծիծաղեցին: Բայց նա  չհուսահատվեց, և սկսեց նորից կարդալ, հետո շարունակեց փորձեր անել և վերջապես ասաց ինքն իրեն.
-Ահա ես արդեն համոզված եմ, որ ես արդեն ուղղակի գիտնական եմ:
Բայց նա կրկին սխալվեց: Հետո նա որոշեց նավերը ներկել ջրաներկով:
Դա շատ թանկ էր, և փոխում է ծովի գույնը:
— Եվ համենայնդեպս ես չեմ նահանջի,- որոշեց համարձակ հատնագործողը, նա արդեն ծերացել էր:
Նա նորից նստեց գրքերի դիմաց ու սկսեց նորից սովորել, բայց այս անգամ իսկապես դարձավ գիտնական:
Եվ այդպես նա կարողացավ հայտնագործել այն, ինչ իրեն պետք էր:
Նա պատրաստեց մեքենա, որ թռչի լուսին, գնացք, որին անհրաժեշտ էր ընդամենը մի բրնձի հատիկ, որ գնա հազարավոր կիլոմետրեր, կոշիկ, որ երբեք չի մաշվում, և հազարավոր այլ նման հետաքրքիր բաներ:
Բայց մի բան չկարողացավ հնարել, ինչպես անել, որ սովորելիս սխալներ չանեն: Եվ, թերևս, ոչ ոք երբեք չկարողանա հայտնագործել նման բան:

Թարգմանեց Սահակյան Արփին
Նոր դպրոց, 5-3 դասարան

1.Առանձնացրու հիմնական  և երկրորդական գաղափարները։
2.Ընտրիր քեզ հետաքրքրող գյուտերից մեկը, գտիր և կարդա այդ գյուտի ու այն հայտնագործողի մասին, պատմիր ընկերներիդ:

Թարգմանությունը ռուսերենից

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

One Response to Ջանի Ռոդարի Թարգմանություններ «Ինչպիսի սխալներ են լինում» գրքից

  1. Ծանուցում՝ Կարդում ենք Ռոդարի « Խոշորացույց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s