Զատկական սեղանի վրա աղ ու հացի առկայությունը հատուկ խորհուրդ է ունեցել: Բանն այն է, որ Մեծ պասը, որ քառասուն օր տևելու պատճառով կոչվել է քառասնորդական, ժամանակին կոչվել է նաև Աղացք կամ Աղուհացից պաս՝ կապված այն բանի հետ, որ աղ ու հաց էին ուտում պասի որոշ օրերին և կամ ծոմը՝ աղ ու հացով լուծում: Բացի այդ, աղն ու հացը այն մթերքներն են, որոնց վերագրվել են հատուկ զորություններ, որոնք Զատկի խորհուրդը իրականացնելու միջոցներին հոգեհարազատ են: Աղին հայերը վերագրել են քաջքերից, չար ոգիներից պաշտպանելու զորություն և դրա հետ կապված շատ գործողություններ են կատարել:
Հացն էլ աղի նման ունեցել է այդ զորությունները, սակայն դրան գումարվել են զորավոր այլ հատկություններ ևս ու այն հասել է ընդհուպ սրբության աստիճանի: Այո, հացը սրբություն է թե՛ ամենօրյա գործածության մեջ, թե՛ տոնական սեղաններին ու հատկապես զատկական սեղանին, ուր այն հանդես է գալիս եռակի ձևով ու խորհրդով. ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, սովորական, ամենօրյա հացի տեսքով (լավաշ, տոնիկ, բոքոն, ճաթ, մատնաքաշ), որ ներկայացնում է հացը իր բոլոր զորություններով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որ կապվում է գարնան խորհրդի (բաղարջ, ժինգյալով հաց) հետ: Չմոռանանք նաև, որ հացը որպես Քրիստոսի հետ Ս. Հաղորդության միջոց, նշխարի տեսքով իր սկզբնավորումն է ստացել Զատկի այն խորհրդավոր ընթրիքից, որի մասնակիցներն էին Քրիստոսն ու իր տասներկու առաքյալները:
Աղբյուրը՝ Ռուդիկ Հարոյան «Զատիկ»
Հարցեր և առաջադրանքներ
- Բանավոր պատմիր տեքստը:
2. Օգտվելով համացանցից և գրքերից կամ հարցազրույց վերցնելով մեծերից՝ գրի՛ր, թե ինչ ասացվածքներ, առածներ, զրույցներ, ավանդույթներ կան աղի ու հացի հետ կապված:
1. Մեծերն ասում են, որ այսպիսի մի ավանդույթ կա. երբ հացն ընկնում է գետին վերցնում են համբուրում ասում են “մեղա Աստված” ու նորից տեղը դնում:
Երբ աղը թափվում է վրան խաչ են անում:
Մայրիկս ասում է, որ ցորենի ամենահին արտը գտնվում է Հայաստանում Երևանի մոտ գտնվող Շորբուլաղ գյուղում: Այնտեղ ցորենի մեծ արգելոց կա, որտեղ կան ցորենի բազմաթիվ տեսակներ: Շատ գիտնականներ գալիս են Հայաստան այդ արգելոցն ուսումնասիրելու: Այն աշխարհում ամենահինն է: