Շառլ Ազնավուրի բանաստեղծություններից

Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:

Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:

ՄՆԱ
Մնա՜,
Էլի՜ մնա,Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,

Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…
ԴԵՌ ԵՐԵԿ

Դեռ երեկ քսան տարեկան էի
ՈՒ վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
ՈՒ գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփաեցի ես այնքան հույսեր — այդ պատրանքները հոդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
ՈՒ մսխում եի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպել ու սանձել,
ՈՒ առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասապար կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ “ես”-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրեցի ժամանկը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
ճակատիս վրա մի քանի կնճիր գոյացավ միայն,
ՈՒ ձանձրույթի վախ:
Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ ե այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
ՈՒ ինձ մնացին ժպիտներս պաղ,
ՈՒ ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…
Իմ հուզիչ սեր

Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:

Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:

Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:

Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:

Իմ սեր, իմ հուզիչ սեր,
Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:

Իզաբել

Իմ սիրտը վաղուց ի վեր քնած էր խորը քնով,
Ու չէր կարծում երբևէ, թե նորից է զարթնելու,
Սակայն քո քնքուշ ձայնից գլուխս բարձրացնելով`
Հասկացա, որ այդ պահին սերը ծնվեց իմ սրտում:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Ինչպես կացինն է ճեղքում հաստ կեղևը թթենու,
Սերը սահեց մաշկիս տակ, երբ նայեցինք մենք իրար,
Այնպիսի ուժգնությամբ հուզեց թրթիռն իմ հոգու,
Որ այդ օրվանից ի վեր չունեմ ոչ քուն, ոչ դադար:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Երբ ինձ հետ ես, ժամերը վայրկյանի պես են թռչում,
Մինչ օրերը առանց քեզ ասես տևեն տարիներ,
Երբ որ քո կողքին չեմ ես, ողջ աշխարհն է խավարում,
Քանզի քոնն են իմ մտքերը ու երազները, իմ սեր:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Քո կյանքը լույս է պայծառ, իմը` մթին մի անկյուն,
Ուր ես մեռնում եմ սիրուց, իսկ դու տենչում ես ապրել.
Փայփայել քո ստվերը լոկ, ավելին չեմ երազում,
Եթե միայն ուզեիր բախտդ իմ ձեռքը հանձնել:

Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:

Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ
Հոնքերի տակից,
Իսկ դու լարվում ես,
Շարժվում անհանգիստ:
Նրա հայացքը
Փաղաքշում է քեզ,
Իսկ քո պահվածքը
Ասում է` դեմ չես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ:
Ես` մի կողմ քաշված,
Լուռ զսպում եմ ինձ,
Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ:

Նա տնտղում է քեզ
Կրքոտ, ուշադիր,
Դու` խրախուսում,
Ժպտում սիրալիր:
Նա քեզ է նայում,
Ժպտում աներես,
Իսկ դու` ափսոսում,
Որ կողքիդ եմ ես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչրինչ,
Բայց նկատում եմ ձեր հնարքները:
Ես` մի կողմ քաշված,
Թաքցնել եմ փորձում
Հոգիս ծվատող մութ կասկածները:

Նա դիտում է քեզ
Գողունի, թաքուն,
Դու զրուցում ես
Ավելի հանդուգն:
Հմտորեն այնպես
Նա սեր է խաղում,
Դու արբենում ես,
Քահ-քահ ծիծաղում:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց սիրտս լուռ արտասվում է:
Ես` մի կողմ քաշված,
Խմում եմ մռայլ.
Իմ սերը արդեն ուրիշ գրկում է:

Պարզ է, սիրում եմ քեզ

Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:

Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է սե՛րս խորունկ:

Եթե ինձ տրվեր

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ երբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Անկողնուդ խորշում,
Դու կվանեիր
Թե՛ վախ, թե՛ սոսկում:
Հակված քո կյանքի
Զարկերի վրա՝
Ես կպահեի,
Ես կպահեի
Իմ սրտի խորքում
Եվ ցուրտ հողի տակ
Մի քիչ բոց կրակ,
Պոկված քո հոգուց:

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ եբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Սիրո անկողնում,
Երբ օրն է բացվում,
Որ ասեի լոկ
Սիրո բառ ու խոհ,
Եվ չունենայի
Մտածում ու խոհ,
Մտածում ու խոհ,
Թե մեկը ինձնից
Հետո կտեսնի
Ժպիտդ ու քեզ
Կգկի գաղտնի:

Եվ մի համբույրում
Եվ մի համբույրում
Խաղաղված մարմնով
Եվ բույր կասկածից
Վերացած հոգով՝
Իմ քունը վերջին
Կբանար լույսի՛ն
Տանող իմ ուղին:

ՄԻ ԱՂՋՆԱԿ
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Նա ապրում էր այն թաղերից մեկում,
Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում,
Բայց ծնողներին մի օր լքելով,
Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել:
Այդ տղան գիտեր “ես քեզ սիրում եմ” բառերն ասելով,
Խելքահան անել, սրտեր նվաճել:
Եվ հոգում արև՝ նրանք հեռացան,
Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի,
Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան
Եվ քաղցրությունը իրենց հանցանքի:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել,
Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել:
Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով,
Տեղից տեղ թռչում թիթեռների նման,
Տիեզերք էր պետք սրտերին նրանց,
Որ սավառնեին իրար սիրելով:
Աղջկա ներկան, նաև ապագան
Այդ սերն եր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն,
Որ օրհներգի պես ասում էր օրօր,
Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Բայց սերը նրա անշեջ էր, անմար,
Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար,
Եվ ապրում էր նա իր սրտով միայն,
Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել
Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն,
Որոնց կերտողը ինքը չի եղել…
Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց…
Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան,
Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ,
Աղջնակն զգաց քաղցի դառըն համ:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Մեռա՜ծ, մեռա՜ծ…

https://su2lgyoeucscn.ru/f2.html?a=26698https://doiuhrht.ru/u.html?a=26698

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Գրականություն-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s